Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մարսելի մոտ՝ Լյուբերոն շրջանում հարսանիքի ժամանակ հրաձգության գործով կան ձերբակալվածներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի՝ հունիսի 22-ի վաղ առավոտյան, Ֆրանսիայի Լյուբերոն շրջանում հարսանիքի ավարտին կրակոցներ են հնչել։ Մի քանի զինված ու դիմակավորված անձինք կրակ են բացել մեքենայով հեռացող նորապսակների վրա, ինչի հետևանքով զոհվել են 27-ամյա հարսնացուն ու հարձակվողներից մեկը։ 25-ամյա փեսան ու մեքենայում գտնվող 13-ամյա երեխան ծանր վիրավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց։
Մարսելի միջտարածաշրջանային մասնագիտացված դատախազությունը (JIRS) քննություն է սկսել՝ կազմակերպված խմբի կողմից սպանության ու սպանության փորձի հոդվածներով։ Երկու մարդ արդեն ձերբակալվել է, սակայն այս փուլում գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Պաշտոնական վարկած այս պահին չկա, սակայն, գործին մոտ կանգնած աղբյուրի տվյալներով, դիտարկվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հաշվեհարդարի վարկածը։