Միջազգային

Թրամփն ու Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը․ Axios

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ Ստամբուլում կուլիսների հետևում փորձել են կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սրման ֆոնին։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ Թրամփի և Էրդողանի ջանքերը ձախողվել են, երբ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիիի հետ, որը թաքնվում է՝ իր հնարավոր սպանությունից խուսափելու վախի պատճառով, հնարավոր չեղավ կապ հաստատել․ վերջինը չի արձագանքել այս նախաձեռնությանը։

Նշվում է, որ այս գաղտնի ջանքերի նոր մանրամասները բացահայտում են, թե որքանով էր Թրամփը ճնշում գործադրում իրանցիների հետ անմիջական հանդիպման վրա՝ նույնիսկ առաջարկելով ինքն էլ մասնակցել, եթե անհրաժեշտ լինի՝ միջուկային համաձայնագիր կնքելու և ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից խուսափելու հույսով։ Հետագա օրերին Թրամփը և Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները ավելի քիչ վստահ են եղել, որ դիվանագիտական ​​լուծումը հնարավոր է, և ավելի համոզված են եղել, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի միանալ պատերազմին՝ Իրանի միջուկային ծրագիրը վերացնելու համար, ԱՄՆ պաշտոնյաներին հղում անելով՝ գրում է Axios-ը։