Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Այս մասին Մակրոնը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Մակրոնը հայտնել է, որ կրկին հնչեցրել է իր պահանջը՝ ազատ արձակել Իրանում պահվող ֆրանսիացի քաղաքացիական ակտիվիստներ Սեսիլ Կոլերին և Ժակ Փարիզին՝ նրանց կալանավորումն անարդար և անմարդկային անվանելով։
Նա իր մտահոգությունն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։
«Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, և նա պետք է տա բոլոր երաշխիքները, որ իր մտադրությունները խաղաղ բնույթ են կրում»,– գրել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ դեռևս հնարավոր է գտնել ուղի՝ պատերազմից դուրս գալու և ավելի լուրջ վտանգներից խուսափելու համար։
«Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպական գործընկերների կողմից Իրանի հետ սկսված բանակցությունները»,– նշել է Մակրոնը։