Միջազգային

Իսրայելն օրական հարյուրավոր միլիոններ է ծախսում Իրանի դեմ պատերազմում

Իսրայելի պատերազմն Իրանի հետ օրական արժենում է հարյուր միլիոնավոր դոլարներ, ինչը պայմանավորված է որսացող համակարգերի, օդային գործողությունների և ենթակառուցվածքների վնասման բարձր արժեքով, դա տնտեսական ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտելու համար, գրում է WSJ-ն։ 

Իրանական հրթիռային համազարկերը որսալու համար (մինչ այժմ ավելի քան 400) անհրաժեշտ են David's Sling և Arrow համակարգեր, որոնք արժեն մինչև 4 միլիոն դոլար՝ մեկ կրակոցի համար։ Միայն հրթիռային պաշտպանությունը գնահատվում է տասնյակ միլիոններից մինչև 200 միլիոն դոլար օրական։

Հարձակողական գործողությունները նույնպես թանկ են։ F-35-երի թռիչքի արժեքը ժամում կազմում է մոտ 10․000 դոլար։ Մեկ ամիս տևող հակամարտության ընդհանուր արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի՝ ըստ Իսրայելի Աարոնի տնտեսական քաղաքականության ինստիտուտի։

Քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասը մեկ այլ խոշոր ծախս է։ Հարյուրավոր շենքեր են վնասվել, և վերականգնման արժեքը, կանխատեսվում է, կգերազանցի 400 միլիոն դոլարը։ Ավելի քան 5000 մարդ տեղահանվել է և բնակարաններով ապահովվում է կառավարության հաշվին։

Չնայած ռազմական ծախսերի աճին և ժամանակավոր տնտեսական անկմանը՝ շուկաները շարունակում են լավատեսորեն տրամադրված մնալ, և տնտեսագետները դեռևս չեն կանխատեսում անկում։ Սակայն որքան երկար է տևում պատերազմը, այնքան մեծ է ֆինանսական վնասը։