The Insider-ը հայտնում է, որ ռուսական հաքերային «Մատրյոշկա» ցանցն առաջին անգամ սկսել է թիրախավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տարածելով հայերեն ու օտարալեզու ապատեղեկատվություն։
Բոտերի միջոցով տարածվող բովանդակությամբ Փաշինյանին մեղադրում են իբր Միջին Արևելքի «ամենակոռումպացված ղեկավար» լինելու և Հայոց ցեղասպանությունը «ծածկադմփոց անելու» մեջ։ Որոշ հրապարակումներում նույնիսկ պնդում են, թե նա «ուժեղ հանգստացնողներ» է ընդունում՝ հղում անելով գոյություն չունեցող աղբյուրների։
Տեսանյութերը հիմնականում տարածվում են X և TikTok հարթակներում, հաճախ՝ խոշոր միջազգային և տեղական լրատվամիջոցների անուններով (օր.՝ Euronews, France 24, Yeni Şafak)։ Ըստ Bot Blocker Project-ի՝ օգտագործվել են կեղծված, մասնակի մոնտաժված տեսանյութեր։
The Insider-ը հաստատում է, որ բոտային գրառումները պատկանում են «Մատրյոշկա» ցանցին, սակայն ապատեղեկատվությունը չտիրաժավորելու և չտարածելու նպատակով չի հրապարակում կոնկրետ հղումները։ Ըստ պարբերականի՝ սա «Մատրյոշկա» ցանցի կողմից Հայաստանի հետ կապված թեմատիկ թիրախավորման եզակի դրվագներից է, ինչով և արժանացել է մասնագետների ուշադրությանը։