Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարն այսօր Ժնևում հանդիպում են ունենալու Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:
Եթե հանդիպումը տեղի ունենա, դա կլինի հունիսի 13-ից՝ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածների սկսվելուց հետո եվրոպացիների առաջին բարձր մակարդակի բանակցությունները Թեհրանի հետ։
Եվրոպացի նախարարները կփորձեն համոզել Իրանին վերսկսել բանակցությունները իր միջուկային ծրագրի վերաբերյալ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ասել է, որ բանակցությունների նպատակը «Իրանից հասնել նրա միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների ծրագրի դադարեցմանը»:
ՄԹ արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմմին X սոցիալական ցանցում գրել է. «Ժամանակն է վերջ դնել Մերձավոր Արևելքի մռայլ իրադարձություններին և կանխել տարածաշրջանում էսկալացիան, որից ոչ ոք չի շահի»:
Հինգշաբթի օրը Դևիդ Լեմմին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոյի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
Հանդիպումից հետո Լեմմին և Ռուբիոն ևս մեկ անգամ հայտարարել են, որ, իրենց ընդհանուր կարծիքով, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: