Միջազգային

Պետք է հաշվի առնել և Իրանի, և Իսրայելի բազային շահերը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ Իրանի ստորգետնյա կառույցները շարունակում են գոյություն ունենալ և դրանց հետ ոչինչ էլ չի պատահել։

Պուտինի խոսքով, պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի բազային շահերը. «Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ բոլորս միասին փնտրենք ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ և գտնենք միջոցներ՝ հակամարտության բոլոր կողմերին համաձայնության բերելու համար՝ ապահովելու համար մի կողմից Իրանի շահերը՝ կապված նրա միջուկային գործունեության հետ, ներառյալ, իհարկե, խաղաղ միջուկային գործունեությունը, նկատի ունեմ խաղաղ միջուկային էներգետիկան և խաղաղ միջուկային ոլորտը այլ բնագավառներում, և մյուս կողմից՝ ապահովելու Իսրայելի շահերը՝ հաշվի առնելով հրեական պետության անվերապահ անվտանգությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը վստահեցրել է, որ նման տարբերակներ կան: Մոսկվան դրանք ներկայացրել է հակամարտության բոլոր կողմերին, ինչպես նաև Վաշինգտոնին: Թե կոնկրետ ինչ՝ ՌԴ նախագահը չի բացահայտել։

«Ինչպես ձեզ հայտնի է, ես անձամբ կապի մեջ եմ Իսրայելի վարչապետի հետ և այս հարցով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է նա։

«Մենք ոչ մի բան ոչ ոքի չենք պարտադրում, մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից հնարավոր ելքը: Բայց որոշումը, իհարկե, այդ երկրների՝ առաջին հերթին Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությանն է»,- ասել է Պուտինը: