ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է պահպանել այդ նպատակով պայմաններ ստեղծելու միտումը։
«Սա, ընդհանուր առմամբ, որոշակի զսպված լավատեսություն է ներշնչում։ Մենք հուսով ենք, որ թե՛ ԱՄՆ նախագահը, թե՛ նրա մերձավոր շրջապատը դա կտեսնեն և կլսեն, և բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ կընդունեն որոշումներ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա։
ՌԴ նախագահը խոսել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հավանականության մասին. «Ինչ վերաբերում է Թրամփի հետ հնարավոր հանդիպմանը, ապա այն, անշուշտ, չափազանց օգտակար կլիներ։ Բայց համաձայն եմ ԱՄՆ նախագահի հետ՝ այն պետք է նախապես լավ պատրաստված լինի և ունենա դրական արդյունքներ»։
Պուտինի խոսքով, եթե Դոնալդ Թրամփը հաղթեր 2020 թվականի ընտրություններում, Ուկրաինայի հետ հակամարտություն չէր լինի: Ըստ նրա, այսօր ստեղծված իրավիճակը Ջո Բայդենի որոշումների հետևանք է:
Պուտինը պատմել է Բայդենի հետ իր վերջին խոսակցություններից մեկի մասին. «Ի դեպ, ես նրան այն ժամանակ ասացի. «Ձեզ թվում է, որ ամեն ինչ այդքան հեշտ կլուծվի, բայց կարող է ժամանակ անցնել, և պարզվել, որ ավելի լավ է չանել այն, ինչի ուղղությամբ դուք մղում եք իրավիճակը Ուկրաինայում»»,- պատմել է Պուդինը:
Նա նաև գնահատել է ՆԱՏՕ-ի վերազինման մտադրությունը: Դաշինքը իր որոշումը հիմնավորում է «ռուսական սպառնալիքով»՝ պնդելով, թե Մոսկվան մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա: «Սա անհավանական սուտ է»,- մեկնաբանել է Պուտինը նման հայտարարությունները: Նա հատկապես ընդգծել է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի վերազինումը սպառնալիք չի համարում իր համար: Պատճառն այն է, որ Ռուսաստանը մշտապես կատարելագործում է իր զինված ուժերը և ինքնաբավ է իր անվտանգությունն ապահովելու առումով: