Կրեմլը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից։
Հիմնական ուշադրությունը դարձվել է Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակին: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ուժային գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի այլ նորմեր:
Նրանք մտահոգություն են հայտնել Իրան-Իսրայել հակամարտության շարունակական սրացման վերաբերյալ։ Առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և վիճելի հարցերի (ներառյալ՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների) բացառապես դիվանագիտական միջոցներով կարգավորմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները կպահպանեն սերտ փոխգործակցություն այդ կապակցությամբ:
Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայի խնդրին։ Պուտինը երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար: Նշվել է, որ Ռուսաստանը խստորեն կատարում է բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ՝ զոհված զինվորականների մարմինների փոխանցումը և ռազմագերիների փոխանակումը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի վերաբերյալ: