Միջազգային

Վճռական հարվածն ԱՄՆ ձեռքում է. Իսրայելի բանակի խոսնակ

Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի ոչնչացման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի ուղիղ աջակցությունը, քանի որ վճռական հարված հասցնելու հնարավորությունն ԱՄՆ-ի ձեռքում է:

Նրա խոսքով՝ միջազգային լրատվամիջոցներում քննարկվում է, որ Իսրայելը ինքնուրույն ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, մասնավորապես, Ֆորդոն, որը գտնվում է 80 մետր խորության վրա՝ ժայռապատ տեղանքում: 

«Իսրայելի տրամադրության տակ գտնվող GBU-28 ռումբերը կարող են թափանցել մինչև 6 մ խորությամբ բետոնե կառույցներ: Սակայն Ֆորդոյի դեպքում պահանջվում է ավելի հզոր զենք՝ ամերիկյան 13 տոննա կշռող GBU-57 ռումբը, որն ընդունակ է թափանցել մինչև 61 մ խորությամբ բետոնե կառույցներ: Այս ռումբը տեղափոխելու համար անհրաժեշտ է ամերիկյան B-2 ռմբակոծիչ, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը: Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ Իսրայելի հայտարարած նպատակն, ամենայն հավանականությամբ, անհասանելի կլինի»,- ասել է նա:

Էֆի Դեֆրինը նշել է, որ իրենց անհրաժեշտ է, որ նախագահ Թրամփը հաստատի խնդրանքը՝ աջակցելու Ֆորդոյի օբյեկտի ոչնչացմանը.

«Մենք արդեն կործանարար հարված ենք հասցրել Իրանին, սակայն վճռական հարվածը Ամերիկայի ձեռքերում է»: