Միջազգային

«Մենք ներգրավված չենք». ԱՄՆ պետքարտուղարը՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու մասին

ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանին հարվածելուն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է եղել սպասվող գործողությունների մասին, բայց ներգրավված չէ այս գործընթացում։

«Մենք չենք մասնակցել Իրանի դեմ հարվածներին, և մեր ամենաբարձր առաջնահերթությունը մեր տարածաշրջանային ուժերի անվտանգությունն է»,- նշված է Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ իր համար այս գործողությունը եղել է անհրաժեշտ՝ որպես ինքնապաշտպանություն»։

Ռուբիոն խիստ նախազգուշացրել է Իրանին՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից դուրս բերելու հրամանից մեկ օր անց. «Թող սա հստակ լինի. Իրանը չպետք է թիրախ դարձնի ԱՄՆ շահերը կամ անձնակազմը»,- ասել է նա։

Հարվածներից մի քանի ժամ առաջ Թրամփը հանդես էր եկել դիվանագիտական լուծման կոչով՝ միաժամանակ հայտարարելով, որ Իրանի դեմ հարվածը «հնարավոր է շատ շուտով տեղի ունենա»։