Մոսկվան աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում, պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Իլհամ Ալիևի իմաստնության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է», - ըստ ադրբեջանական զլմ-ների հայտարարել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետը հավելել է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն:
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերումը և շահագրգռված է երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակմամբ: Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղիների զարգացման, նրանց միջև սահմանի դելիմիտացիան շարունակելու համար: