Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցությունների հիմքը Իրանի գերագույն առաջնորդի կողմից սահմանված դրույթներն են, ոչ թե այլ երկրների կողմից ճնշումները կամ հարկադրանքը.
«ԱՄՆ-ի հետ բանակցությունները կառուցվում են հեղափոխության առաջնորդի որոշած քաղաքականության հիման վրա։ Մենք երբեք չենք ընդունի այն պայմանները, որոնց դեպքում պետք է ամբողջությամբ դադարեցնենք գիտական հետազոտությունները, իսկ հետո սպասենք Արեւմուտքի հավանությանը՝ արդյունաբերության, բժշկության, գյուղատնտեսության և այլ գիտությունների համար անհրաժեշտ միջուկային նյութեր ստանալու համար», - ասել է Փեզեշքիանը:
«Ո՞վ է նրանց իրավունք տվել որոշել՝ կարող ենք գիտական հետազոտություններով զբաղվել, թե ոչ։ Մենք երբեք չենք խոնարհվի ճնշման առաջ։ Առաջնորդը հստակ հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծի, և դա մեր հաստատուն դիրքորոշումն է»,- ընդգծել է նա։