Միջազգային

Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն կճանաչի Ղրիմի և նոր շրջանների պատկանելիությունը. «РИА»

Ռուսաստանը ակնկալում է, որ Ադրբեջանը կճանաչի ռուսական նոր շրջանները և Ղրիմը։ Այս մասին գրում է «РИА»-ն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին և դրան Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի կապակցությամբ Մոսկվայում ակնկալում են, որ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը բարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքվում ավելի հավասարակշռված դիրքորոշում կգրավեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կճանաչեն ռուսական մոտեցումների արդարացիությունը Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների պատկանելության համատեքստում», - գրել է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։ 

«Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», - հավելել Է գործակալության զրուցակիցը:

Ադրբեջանական զլմ-ները անդրադարձել են «РИА»-ի հրապարակմանը՝ այն անվանելով մանիպուլյացիա։