Ուկրաինայի ՊՆ գլխ. հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը պատմել է, որ KN-23 հրթիռների առաջին խմբաքանակը, որը ԿԺԴՀ-ն տրամադրել է ՌԴ-ին, մեծ անճիշտություններ է ունեցել։ Դրանց մոտ կեսը ոչ միայն շեղվել է հետագծից, այլև պայթել օդում։
«Հիմա այն բոլորովին այլ հրթիռ է՝ ըստ տեխնիկական բնութագրերի: Ճշգրտությունը անգամներով աճել է: Հիմա դրանք ճշգրիտ հարվածում են թիրախին։ Սա ռուս և հյուսիսկորեացի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Նաև արդիականացվում են խոցման ավիացիոն միջոցները», - ասել է Կիրիլ Բուդանովը։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին մատակարարվող սպառազինությունների շրջանակը լայն է՝ 122 մմ D-74 հաուբիցներից և 107 մմ հետևակային MLRS-ից մինչև 240 մմ MLRS և 170 մմ «Կոկսան» ինքնագնաց ավտոմատներ։ Բացի այդ, պայմանավորվածություններ կան Հյուսիսային Կորեայի տարածքում Harpia և Geran տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ։
«Դա, անշուշտ, փոփոխություններ կմտցնի Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև ռազմական հավասարակշռության մեջ», - ընդգծել է նա:
Բուդանովը նաև հավելել է, որ Մոսկվան և Փհենյանը քննարկում են հյուսիսկորեացի աշխատանքային միգրանտների ներգրավման հարցը, որպեսզի նրանք փոխարինեն Կենտրոնական Ասիայից եկածներին: