Ռուսաստանը երեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Կիևին ու Օդեսային։ Reuters-ը գրում է, որ հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, վնասվել են մի շարք շինություններ, այդ թվում Օդեսայի հարավային նավահանգստի ծննդատունը։
Կիևի 10 թաղամասերից 7-ի վրա ժամեր տևած հարձակումների հետևանքով առնվազն չորս մարդ հոսպիտալացվել է. հայտնել են քաղաքային իշխանությունները:
«Ահաբեկչությամբ հնարավոր չէ կոտրել ուկրաինացիներին»,- հարձակումներից հետո Telegram-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Դժվարին գիշեր էր բոլորիս համար»,- Telegram-ում գրել է Կիևի ռազմական շրջանի ղեկավար Տիմուր Տկաչենկոն: «Ամբողջ գիշեր թշնամին անողոքաբար ահաբեկել է Կիևը հարվածային անօդաչու սարքերով: Նրանք թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքի խաղաղ բնակիչներին»: