Իրանը վճռական և արագ գործողություններով խափանեց «Զանգեզուրի միջանցքի» բացումը․ KHAMENEI.IR կայքին տված հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Եթե նայենք պատմական իրողություններին, վստահաբար կարող ենք ասել՝ իսլամի ընդունումից հետո Իրանը երբեք այնքան հզոր, անկախ ու ազդեցիկ չի եղել, որքան այսօր։ Այս ուժի ամենավառ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։ Երբ որոշ երկրներ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման պատրվակով փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ՝ նախագիծ, որն, ըստ էության, կնշանակեր Հայաստանի մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի արգելափակում, Իրանն աչալուրջ և վճռականորեն ընդդիմացավ այս ծրագրին և տապալեց դրա իրականացումը»,- ասել է Վելայաթին։
Ըստ նրա՝ այս գործողությունը Իրանը միայնակ է կանխել, նույնիսկ՝ առանց Ռուսաստանի օգնության։
«Սա ցույց է տալիս, որ Իրանը, նույնիսկ՝ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է խելացի դիվանագիտության միջոցով պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը։ Իրանի հմուտ և ռազմավարական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ազգային շահերի պաշտպանություն է, այլև ամուր պատնեշ՝ տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության համար»,- հավելել է նա։
Վելայաթին ընդծել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում հակառակորդների վերջնական նպատակը ոչ միայն Իրանին հյուսիսային ուղղությունից կտրելն է եղել, այլև հարավից Ռուսաստանի շուրջ շրջափակման օղակ ստեղծելը։ Սակայն այս նախագիծը նույնպես ձախողվել է։
«Այսօր Իրանը կենտրոնական տեղ է զբաղեցնում ձևավորվող նոր աշխարհակարգում»,- շեշտել է նա։