Կիևի հետ լիարժեք խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ Ղարաբաղն օրինակ բերելով ուկրաինական կարգավորման համատեքստում։
«Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ, պարզապես կնքենք ինչ-որ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»,- Մեդինսկու խոսքերն է մեջբերում RT-ն։
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի այն վերադարձնել, և սա «կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ»։
«Մոսկվան չի ցանկանում, որ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկվել միջուկային պատերազմ։ Ահա թե ինչու մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիարժեք խաղաղություն և ճանաչել նոր տարածքները»,- նշել է նա։