Միջազգային

Զինված հարձակում Կոլումբիայի նախագահի թեկնածուի դեմ

Շաբաթ օրը՝ հունիսի 7-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում զինված անձը հարձակվել է նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի վրա։ Իշխանությունների և նրա կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ քաղաքական գործչի վրա կրակել են թիկունքից՝ Ֆոնտիբոն թաղամասի այգում նախընտրական միջոցառման ժամանակ։

Ուրիբեն ծանր վիճակում հոսպիտալացվել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտնել է, որ միջադեպի մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Իշխանությունները շարունակում են հետաքննությունը և պարզում են՝ արդյոք ձերբակալվածը հանցակիցներ ունեցել է։ Հարձակման խստիվ դատապարտում Կոլումբիայի կառավարությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «հարձակում ոչ միայն քաղաքական գործչի անձի, այլև ժողովրդավարության, մտքի ազատության և երկրում օրինական քաղաքական գործունեության վրա»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը «խիստ կերպով դատապարտում է կոլումբիացի սենատորի դեմ մահափորձը»։ 39-ամյա Միգել Ուրիբեն ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդավարական կենտրոն» կուսակցության ներկայացուցիչ է և գործող նախագահ, ձախ քաղաքական գործիչ Գուստավո Պետրոյի քննադատը։ Նա հայտարարել է 2026 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։