Միջազգային

Պուտինը մարդասպան է, որը եկել է խաղահրապարակ՝ երեխաներին սպանելու․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել էր երեխաների կռվի հետ։

Զելենսկիին հարցրել են, թե արդյոք, իր կարծիքով, Թրամփը հասկանո՞ւմ է Ուկրաինայում տառապանքների մասշտաբները՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները։ Հունիսի 5-ին Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին «ատում են» միմյանց և համեմատել նրանց վարքագիծը խաղահրապարակում կռվող երկու երեխաների հետ։

«Երբեմն տեսնում ես երկու երեխաների, որոնք խելագարի պես կռվում են։ Նրանք ատում են միմյանց և կռվում են խաղահրապարակում, և դու փորձում ես նրանց բաժանել։ Նրանք չեն ուզում բաժանվել, երբեմն ավելի լավ է թողնես, որ նրանք մի փոքր էլ կռվեն, ապա բաժանես նրանց» - ասել էր Թրամփը այդ ժամանակ։

«Պուտինը և ես այգու խաղահրապարակում գտնվող երեխաներ չենք։ Պուտինը մարդասպան է, որը եկել է խաղահրապարակ երեխաներին սպանելու»,- պատասխանել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը։

«Խոսքը միայն նախագահ Թրամփի մասին չէ։ Ովքեր այստեղ՝ երկրում չեն, ովքեր հազարավոր մղոններ հեռու են, չեն կարող լիովին զգալ և հասկանալ այս ցավը»,- հավելեց Զելենսկին։