Միջազգային

Հարձակում Կիևի վրա. զոհերի թիվը կարող է ավելանալ

Ռուսաստանը գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով ինտենսիվ հարձակում է իրականացրել Կիևի վրա։ Ըստ ուկրաինացի պաշտոնյաների, զոհվել է առնվազն չորս մարդ: Հզոր պայթյունները ցնցել են ամբողջ քաղաքը. գրում է Reuters-ը։

Հարձակումները հաջորդել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով փոխանցված զգուշացմանը, որ Կրեմլը պատասխան հարվածներ կհասցնի Կիևին այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչու սարքերը Ռուսաստանի խորքում համակարգված հարձակումներով ոչնչացրել են ռուսական մի քանի ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռ:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները մարդկանց դեռ փնտրում են փլատակների տակ: Նա նաև հայտնել է, որ 20 մարդ վիրավորվել է, որոնցից 16-ը հոսպիտալացվել են:

Քաղաքի մետրոյի աշխատանքը խափանվել է, քանի որ ռուսական հարվածը վնասել է գնացք. հայտնել է Կիևի ռազմական վարչակազմը: Հարձակման հետևանքով հրդեհներ են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող բնակելի շենքերում:

Կիևի բնակիչներից ոմանք ապաստան են փնտրել մետրոյի կայարաններում կամ ստորգետնյա ավտոկայանատեղերում: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ քաղաքը թիրախավորվել է անօդաչու սարքերով և «Կալիբր» տիպի թևավոր հրթիռներով: