Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել ՌԴ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին Փհենյանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը։
«ԿԺԴՀ - ի կառավարությունն այսուհետ էլ անվերապահորեն կպաշտպանի Ռուսաստանի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին՝ Ուկրաինայի շուրջ», - ասվում է հյուսիսկորեական կենտրոնական տեղեկատվական գործակալության հունիսի 4-ի հաղորդագրության մեջ:
Շոյգուն և Կիմը քննարկել են Կուրսկի շրջանում գործողությունը, որտեղ հյուսիսկորեացի զինվորները կռվել են Ուկրաինայի զինված ուժերի դեմ: Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ քննարկվել է «կորեացի զինվորների սխրանքի հիշատակը հավերժացնելու» հարցը:
Փհենյանում հայտարարել են «կորեացի ժողովրդի լավագույն որդիների անզուգական խիզախության և անձնվիրության մասին, որոնք ռուս մարտիկների հետ ուս ուսի տված՝ մեկ խրամատում կռվել են Կուրսկի շրջանի ազատագրման օպերացիայում և պաշտպանել ռուսական տարածքի արժեքավոր մասը՝ որպես իրենց հայրենիք»: