Միջազգային

«Այլևս չեմ կարող հանդուրժել». Մասկը քննադատել է Թրամփին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, հրաժարվելով Սպիտակ տանը կամավոր ստանձնած իր պաշտոնից, կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած բյուջետային օրինագիծը՝ այն անվանելով «զզվելի, մերժելի»։

«Ներողություն, բայց այլևս չեմ կարող հանդուրժել։ Այս վրդովեցուցիչ, «խոզի բաժիններով» լի ծախսային օրինագիծը զզվելի ու մերժելի է։ Ամոթ նրանց, ովքեր կողմ են քվեարկել. դուք գիտեք, որ սխալ եք վարվել», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Խոսքը վերաբերում է «Մեկ մեծ հիանալի օրենք» (One Great Bill) օրինագծին, որը մայիսին ընդունվել է Ներկայացուցիչների պալատում և, ըստ սպասումների, հունիսին կհաստատվի ԱՄՆ Սենատում։

Մասկը նշել է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կարող է էապես մեծացնել ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտը՝ հասցնելով այն մինչև 2.5 տրիլիոն դոլարի։ Նրա պնդմամբ՝ օրինագիծը սպառնում է ամերիկացի քաղաքացիներին «անտանելի պարտքի բեռի տակ» դնել։

Հաջորդ գրառման մեջ նա նաև նշել է. «Կոնգրեսը սնանկացնում է Ամերիկան»:

Մեկ այլ գրառմամբ նա նշել է. «Հաջորդ տարվա նոյեմբերին մենք կհեռացնենք բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր դավաճանել են ամերիկացի ժողովրդին»: