Միջազգային

«Տառապանքները պետք է դադարեն». Գազայի կլանները դեմ են ՀԱՄԱՍ-ին

Գազայում աճում է ՀԱՄԱՍ-ի իշխանության դեմ դիմադրությունը տեղական կլանների կողմից: Մարդասիրական օգնության բաշխման վերահսկողությունը ՄԱԿ-ից Գազայի հումանիտար օգնության նոր հիմնադրամին փոխանցվելուց հետո ՀԱՄԱՍ-ի՝ դրանից շահույթ ստանալու հնարավորությունը կտրուկ նվազել է։ Այս ֆոնին խմբավորումը գնալով մահապատժի է ենթարկում Իսրայելի հետ համագործակցության մեջ կասկածվողներին և գողության մեջ մեղադրվողներին: 

Սակայն այժմ, ինչպես գրում է Jerusalem Post պարբերականը, հատվածի հարավում սկսել են բացահայտ ելույթներ ունենալ ազդեցիկ զինված պաղեստինյան կլաններ։ «Գազայի հատվածի հարավային մուհաֆազների ընտանիքներ» անվանումով միավորումը հայտարարություն է տարածել՝ «բաժակը լցվել է» վերնագրով։  

Կլանները կատարվածի մեղքը ուղղակիորեն բարդում են ՀԱՄԱՍ-ի վրա և նշում, որ խմբավորումը պետք է «լրջորեն և համարձակորեն արձագանքի ժողովրդի պահանջներին»․

«Մենք ցանկանում ենք կառուցել միասնական ազգային նախագիծ և ամուր և համապարփակ պաղեստինյան ազգային իշխանություն՝ հիմնված օրենքի, ազգային գործընկերության և օրենքի գերակայության վրա»,- գրում են դիմումի հեղինակները: