Միջազգային

Թրամփն ու Ծինփինը քննարկում կունենան

Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այս շաբաթ կանցկացնեն բանակցություններ, որոնց հիմնական օրակարգում մաքսատուրքերի և արտահանման սահմանափակումների հարցերն են։

«Կարող եմ հավաստիացնել, որ վարչակազմը ակտիվորեն հետևում է Չինաստանի կողմից Ժնևի առևտրային համաձայնագրի պահպանմանը»,- ասել է Լիվիթը՝ հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են բանակցությունները չինացի գործընկերների հետ։

Reuters-ը գրում է, որ ներկայումս մեծ ճնշման տակ են հայտնվել ավտոարտադրության ոլորտի ընկերությունները։ Աշխարհի խոշոր ավտոարտադրողները, այդ թվում՝ գերմանական արտադրողները, միացել են ամերիկյան գործընկերներին՝ բողոքելով Չինաստանի՝ հազվագյուտ հանքանյութերի, խառնուրդների և մագնիսների արտահանման սահմանափակումներից։

Reuters-ը հաղորդում է, որ արտադրողները զգուշացնում են՝ եթե չշտկվի իրավիճակը, այն կարող է հանգեցնել արտադրական գործընթացների խափանումների և տնտեսական լուրջ հետևանքների։ Բողոք է ներկայացրել նաև հնդկական էլեկտրական մեքենաներ արտադրող խոշոր ընկերություններից մեկը։

Ըստ աղբյուրի, Չինաստանը ապրիլին որոշել է կասեցնել որոշ կարևոր հանքանյութերի և մագնիսների արտահանումը, ինչը խաթարել է ավտոարդյունաբերության, օդատիեզերական ընկերությունների, կիսահաղորդիչների արտադրողների և ռազմական կապալառուների համար կենսական նշանակություն ունեցող մատակարարման շղթաները։ Քայլը դիտարկվում է որպես տնտեսական լծակ՝ ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով՝ հատկապես մաքսային քաղաքականության վերաբերյալ։

Թրամփի վարչակազմը նախկինում սահմանել էր մինչև 145% մաքսատուրքեր չինական միլիարդավոր դոլարների ապրանքների վրա՝ նպատակ ունենալով կրճատել առևտրային դեֆիցիտը և խթանել ներքին արտադրությունը։ Սակայն ֆինանսական շուկաների՝ այդ թվում՝ ֆոնդային, պարտատոմսերի և արժույթի սուր արձագանքից հետո, վարչակազմը ստիպված է եղել մեղմել մաքսատուրքային քաղաքականությունը։

Ի պատասխան՝ Պեկինը սահմանել է իր մաքսատուրքերը և շարունակաբար օգտագործում է իր գերիշխանությունը՝ մատակարարման կարևոր շղթաներում՝ Թրամփի վարչակազմի վրա ազդեցություն գործադրելու նպատակով։