Միջազգային

ՌԴ-ն կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղկի ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարումների հաճախակիացած խախտումներով։

Ըստ գերատեսչության՝ ծաղիկները ունեն բարձր բուսասանիտարական ռիսկ: 

Ռուսական կողմից նաև նշել են, որ 2025 թվականին Հայաստանից ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում։ Ընթացիկ տարվա սկզբից վերահսկվել է 52 մլն հատ, ինչը 49,7%-ով ավել է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 մլն հատ։ 

«Ռոսսելխոզնադզորի» անցկացրած կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիփսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:

Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով սպառիչ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ։ 

«Անհրաժեշտ արձագանքման միջոցների բացակայության և կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։