Ուկրաինական պատվիրակությունը լքել է Ստամբուլի Չիրագան պալատը ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից հետո:
Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և 18-ից մինչև 25 տարեկան անձանց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել ուկրաինական պատվիրակության ղեկավար և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են նաև «6000-ը 6000-ի դիմաց» սկզբունքով փոխանակել զոհված զինվորականների մարմինները։
Ումերովը հաստատել է, որ Ռուսաստանը հանդիպման ժամանակ փոխանցել է հակամարտության ավարտի պայմանների մասին իր հուշագիրը: Ուկրաինան առաջարկել է նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-30-ը։ Ումերովը հավելել է նաև, որ Կիևը առաջարկել է անցկացնել Պուտինի և Զելենսկու հանդիպում, որին կարող է միանալ Թրամփը:
«Մենք խորապես համոզված ենք, որ բոլոր հիմնական հարցերը կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով։ Եվ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ։ Մենք կարծում ենք, որ պատվիրակությունների միջև հետագա աշխատանքը իմաստ ունի, եթե այն ուղղված է առաջնորդների հանդիպմանը նախապատրաստվելուն։ Մենք ռուսական կողմին առաջարկել ենք հանդիպում անցկացնել այս ամսվա վերջին՝ հունիսի 20-ից 30-ը։ Սա չափազանց կարևոր է բանակցային գործընթացում առաջընթացի համար», - ասել է նա։