Միացյալ Թագավորությունը մտադիր է առաջիկա տարիներին ավելացնել իր նավատորմի միջուկային սուզանավերի թիվը։ Այս մասին նախօրեին հաաղորդագրություն է տարածել երկրի պաշտպանության նախարարությունը:
Դրանում նշվում է, որ Լոնդոնը նախատեսում է կառուցել մինչև 12 նոր սերնդի սուզանավ։ Նրանք կաշխատեն միջուկային շարժիչներով, բայց կկրեն սովորական, ոչ միջուկային զենքեր։ Ակնկալվում է, որ 2030-ականների վերջից այս սուզանավերը կփոխարինեն բրիտանական սուզանավերի նավատորմում գործող յոթ սուզանավին:
Հաղորդվում է, որ սրանք կապահովեն Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի անվտանգությունը գալիք տասնամյակներում։
Նոր սուզանավերը կմշակվեն Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Ավստրալիայի կողմից՝ որպես AUKUS անվտանգության գործընկերության ծրագրի մաս: