Միջազգային

Մակրոնը դատապարտել է Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ՉԼ-ում ՊՍԺ-ի հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգությունները:

Նշենք, որ «Պարի Սեն Ժերմենը» եզրափակչում խոշոր հաշվով հաղթել է «Ինտերին» (5:0) և պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգան:

Հանդիպման ընթացքում և դրանից հետո Փարիզում և այլ քաղաքներում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Ֆրանսիայում տուժել է 192 մարդ, ամբողջ երկրում ձերբակալվել է 559 մարդ, տեղի է ունեցել 692 հրկիզում, տուժել է 264 տրանսպորտային միջոց: 

Տեղի են ունեցել նաև մահվան ելքեր. սկուտերով կինը զոհվել է վրաերթի հետևանքով, իսկ 17-ամյա դեռահասը դանակահարվել է երկրպագուների գոտու մերձակայքում։

«Ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ վերջին ժամերին։ Դաժան բախումներն անընդունելի են։ Մենք կհետապնդենք, կպատժենք, անողոք կլինենք:

Այս միջադեպերը շատ լուրջ են, անընդունելի, դրանք մեր հայրենակիցներից շատերին զրկել են նրանից, ինչը պետք է երջանկության և անհոգության պահ դառնար»,- հայտարարել Է Մակրոնը։