Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիմել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին՝ կոչ անելով «անհապաղ տրամադրել բավարար մարդասիրական օգնություն և ապահովել դրա անվտանգ բաշխումը» տարածաշրջանում:
Գերմանիայի կառավարության ղեկավարը Իսրայելի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև ընդգծել է, որ Իսրայելի անվտանգությունն ու գոյության իրավունքը Գերմանիայի պետական դոկտրինի մաս են կազմում:
Մերցը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը։ Կանցլերն ընդգծել է, որ այդ արմատական իսլամիստական շարժումը պետք է վայր դնի զենքը և հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս համաձայնություն ձեռք կբերվի բոլոր պատանդներին ազատ արձակելու և կրակի դադարեցման վերաբերյալ: Ընդ որում, Գերմանիայի կառավարության ղեկավարը հաստատել է, որ դաշնային կառավարությունը նախկինի պես երկու պետությունների ստեղծման մասին բանակցային որոշումը համարում է իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղ գոյակցության լավագույն հնարավորությունը: Նեթանյահուի արձագանքի մասին չի հաղորդվում։