Միջազգային

Ռուդենկոն ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ ներկայացրել է սպասելիքները

Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինան Ստամբուլում կայանալիք բանակցություններում լուրջ կվերաբերվի Մոսկվայի առաջարկներին և հաշտության հնարավոր պայմաններին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմին ներկայացնել կարգավորման վերաբերյալ մեմորանդում՝ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում: Միաժամանակ, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ փոխանակվել մեմորանդումներով՝ բանակցային գործընթացի նկատմամբ երկու կողմերի մոտեցումները ներկայացնելու համար:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ստամբուլ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է այսօր՝ ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով), Ստամբուլի Չիրաղան պալատում: