Միջազգային

Վրաստանում ձերբակալել են ընդդիմադիր կուսակցության առաջնորդին

Վրացի ընդդիմադիր գործիչ, «Ախալի» կուսակցության և «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան ձերբակալվել է Թբիլիսիում: Այս մասին մայիսի 29-ի երեկոյան հայտնել են նրա համախոհները։ Ավելի ուշ տեղի ունեցածը հաստատել Է Վրաստանի ՆԳՆ-ն։ Այնտեղ հայտարարել են, որ Մելիային ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակցին վիրավորելու կասկածանքով։ 

Ներկայումս Նիկա Մելիան հետախուզման մեջ է՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման շրջանի հարցերով հանձնաժողովին ցուցմունք տալուց հրաժարվելու պատճառով: Դրա համար երկրում նախատեսված է տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով։ 

Ապրիլի վերջին դատարանը գործչին ազատ է արձակել 50․000 լարիի (շուրջ 16․100 եվրո) գրավի դիմաց: Մելիան հայտարարել է, որ սկզբունքորեն չի վճարելու այն, քանի որ լեգիտիմ չի համարում ոչ խորհրդարանական հանձնաժողովը, ոչ էլ Վրաստանի ողջ գործող խորհրդարանը: