Ռուսաստանի Դաշնությունը «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման դիմաց վճարել է ոչ միայն բանկային փոխանցումներով, այլև ոսկով․ նշվում է ամերիկյան հետազոտական C4ADS կազմակերպության զեկույցում, որը հասանելի է դարձել The Washington Post-ին։
C4ADS խմբի փոխանցմամբ՝ ձեռքով լրացված փաստաթղթում, որը կնքվել է 2023 թվականի մարտի 16-ին իրանական գործարանի և ռուսական «Ալաբուգա» ընկերության միջև, նշված է 1,788,402.2 գրամ ոսկու մատակարարում, յուրաքանչյուր գրամի արժեքը՝ 58.32 ԱՄՆ դոլար։
Այս համաձայնագրին կից կա մեկ այլ պայմանագիր՝ ստորագրված 2023 թվականի ապրիլի 5-ին, որը նախատեսում է 2,067,795.9 գրամ ոսկու մատակարարում իրանական կողմից։
Խումբը, սակայն, այս երկրորդ մատակարարման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում, ինչպես նաև անհայտ է, արդյոք այդ քանակի ոսկին փաստացիորեն առաքվել է թե ոչ։
Վճարման մեխանիզմի նպատակն է եղել խուսափել ԱՄՆ դոլարի օգտագործումից, քանի որ դոլարի նկատմամբ հնարավոր են եղել սահմանափակումներ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից։ Բացի այդ, ոսկու փոխանցումը թույլ է տալիս գործարքն անցկացնել ավելի գաղտնի, շրջանցելով ավանդական ֆինանսական համակարգերը և թողնելով սահմանափակ թվային հետք։
Զեկույցում նաև նշվում է, որ իրանական Sahara Thunder ընկերությունը, որը ներգրավված է եղել այս գործարքում և գտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, մի քանի ամիս անց սկսել է լուծարման գործընթաց։ Ենթադրվում է, որ ընկերության փոխարեն կհիմնվի նոր իրավաբանական կառույց։
