ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է զգալիորեն ավելացնել Թայվանին զենքի վաճառքը՝ գերազանցելով իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում հաստատված 18,3 միլիարդ դոլարի սահմանը։ Այդ ծավալն արդեն իսկ ավելի քան կրկնակի գերազանցում է նախագահ Ջո Բայդենի օրոք իրականացված վաճառքները։
Reuters գործակալության հետ զրույցում երկու ամերիկացի պաշտոնյաներ հայտնել են, որ առաջիկա չորս տարիների ընթացքում ԱՄՆ-ը «հեշտությամբ կգերազանցի» այդ ցուցանիշը՝ նպաստելով Թայվանի պաշտպանունակությանը՝ Չինաստանի աճող ռազմական ճնշման պայմաններում։
Թայվանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսին, սակայն երկրի ընդդիմության կողմից ներկայացված բյուջեի կրճատման նախաձեռնությունը կարող է խոչընդոտել այդ նպատակին։
ԱՄՆ պաշտոնյաները կոչ են արել Թայվանի ընդդիմադիր ուժերին չխոչընդոտել երկրի պաշտպանունակության բարձրացմանը՝ այն որակելով որպես ազգային գոյատևման հարց։