ԱՄՆ-ն հասկանում է ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Կրեմլի պահանջների հիմնավորվածությունը և պատրաստ է քննարկել այդ հարցը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների շրջանակներում:
Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նա հաստատել է, որ Սպիտակ տան ղեկավարը պատրաստ է Վլադիմիր Պուտինին խոստանալ չընդլայնել ՆԱՏՕ-ն, եթե դա լինի պատերազմի ավարտի առանցքային պահանջը:
«Դա միանգամայն հիմնավորված մտահոգություն է։ Այդ հարցը Ռուսաստանը միշտ բարձրացնելու է։ Նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի և Վրաստանի մասին։ Եվ մենք ասում ենք՝ լավ, մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանը։ Դա նրանց հետաքրքրությունն է անվտանգության ոլորտում», - ասել է Քելլոգը։
Քելլոգը հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Իսկ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի անդամակցությանը, ըստ նրա, դեմ է 4 երկիր։