Չինաստանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության կապակցությամբ պաշտոնական բողոք է հայտնել Վաշինգտոնին։ Ռուբիոն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները չեղարկելու է ամերիկյան համալսարաններում սովորող չինացի ուսանողների վիզաները։
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ որոշումն անարդարացի է և «լուրջ վնաս է հասցնում չինացի ուսանողների օրինական իրավունքներին, խաթարում երկու երկրների միջև բնականոն մշակութային փոխանակումը»։
«ԱՄՆ-ի կողմից այս խտրական քաղաքականությունը բացահայտում է նրա կողմից քարոզվող ազատության և բացության մասին հռչակագրերի կեղծ բնույթը»,- ասել է նա։
Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կակտիվացնի վիզաների չեղարկման գործընթացն այն ուսանողների նկատմամբ, որոնք կապ ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կամ սովորում են ռազմավարական ոլորտներում։ Նա հավելել էր, որ վիզային նոր չափորոշիչներ են մշակվելու՝ Չինաստանից և Հոնկոնգից դիմումների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։
Չինաստանը 2023-24 ուստարում ԱՄՆ է ուղարկել շուրջ 277 հզ․ ուսանող։