Միջազգային

Թրամփի վարչակազմը բողոքարկել է մաքսատուրքերի արգելափակման որոշումը

ԱՄՆ միջազգային առևտրի դատարանը կասեցրել է նախագահ Թրամփի կողմից հայտարարված գլոբալ ներմուծումների նկատմամբ նոր մաքսատուրքերի կիրառումը՝ պատճառաբանելով, որ նա գերազանցել է իր լիազորությունները։

Մանհեթենի դատարանը հայտարարել է, որ նախագահ Թրամփը իրավասու չէ կիրառել արտակարգ տնտեսական միջոցառումների մասին օրենքը, որի հիման վրա էլ նա մի քանի շաբաթ առաջ հայտարարեց նոր մաքսատուրքերի ներդրման մասին՝ այն անվանելով «ազատագրման օր»։

Ըստ գործող օրենսդրության՝ մաքսատուրքերի հաստատումը պահանջում է Կոնգրեսի համաձայնությունը։ Սակայն նախագահը պնդել է, որ իրավիճակն արտակարգ է, ինչն իրեն հնարավորություն է տալիս միանձնյա որոշում կայացնել։

Թրամփի վարչակազմից պաշտոնյաներից մեկը դատարանի որոշումը բնութագրել է որպես «դատական հեղաշրջում»՝ ընդգծելով, որ այն խաթարում է նախագահի իրավասությունները։ Այդ որոշումը վարչակազմը բողոքարկել է, ինչի արդյունքում գործը կուղարկվի վերաքննիչ ատյան։