Միջազգային

«Վրաստանում ես Իվանիշվիլիի անձնական գերին եմ». Բաչիաշվիլի

Գործարար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախկին մտերիմ Գեորգի Բաչիաշվիլին, որը վերջին մի քանի օրերին կալանքի տակ է Վրաստանում, դատարանի նիստում պատմել է իր երկիր վերադարձի մանրամասները․

«Ես անմեղ եմ։ Ապացուցված է, որ ես Իվանիշվիլիի անձնական գերին եմ Վրաստանում, և այսօր ուզում եմ ձեզ տեղեկացնել միջազգային խոշոր հանցագործության մասին։ Մայիսի 24-ին ինձ առևանգեցին արտասահմանից։ Ինձ աչքերը կապած պահել են 2 օր, այնուհետև տեղափոխել «Աիրզենա» ավիաընկերության ինքնաթիռ և առևանգվածների հետ բերել Վրաստան։ Հանցավոր խմբավորումը, որն իրեն վրացական կառավարություն է անվանում, գերազանցել է ինքն իրեն», - հայտարարել է Բաչիաշվիլին։ 

Գործարարի խոսքերը հակասում են Վրաստանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական վարկածին, որի համաձայն՝ Բաչիաշվիլին ձերբակալվել է «կանաչ սահմանի» մոտ՝ «Կարմիր կամուրջ» և «Սադախլո» սահմանային կետերի միջև ընկած հատվածում: