ԱՄՆ վարչակազմը նախատեսում է շուրջ երկու շաբաթվա ընթացքում որոշել, թե ինչպես են ընթանում Ուկրաինայում խաղաղության բանակցությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա կարծո՞ւմ է, որ Ռուսաստանն իսկապես ցանկանում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը։
«Ես դա հիմա չեմ կարող ասել ձեզ, այդ մասին կասեմ երկու շաբաթվա ընթացքում։ Պարոն Ուիթկոֆը ֆենոմենալ աշխատանք է կատարում, նա հիմա շատ ջանասիրաբար է զբաղվում այդ հարցով։ Թվում է, թե նրանք ուզում են ինչ-որ բան անել, բայց մինչև փաստաթուղթը չստորագրվի, ես ոչինչ չեմ կարող ասել։ Ոչ ոք չի կարող»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքից հիասթափված է։
ԱՄՆ-ի առաջնորդը նշել է նաև, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հնարավոր հանդիպմանը։
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը չի պատրաստվում խստացնել հակառուսական պատժամիջոցները՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հեռանկարներին չվնասելու համար։