ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։
«Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք՝ դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը, որտեղ որպես միջնորդ հանդես էր եկել Օմանը։ Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել էր, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է գրանցվել։ Ինչպես նշել էր նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին, Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն դրական արդյունքների հասնել մեկ կամ երկու հանդիպման ժամանակ։
Երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ բանակցությունների վերջին փուլը կառուցողական էր։ Նա նաև նշել էր, որ կողմերը «համաձայնվել են կրկին հանդիպել մոտ ապագայում»։