Միջազգային

ԱՄՆ դատարանը մաքսատուրքերի վերաբերյալ որոշում է կայացրել

ԱՄՆ միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման վրա համաշխարհային մաքսատուրքեր սահմանելով գերազանցել է իր լիազորությունները։ Դատարանը հրամայել է արգելափակել դրանք։ Սա լուրջ հարված էր ամերիկյան առաջնորդի՝ տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչին։

Երեք դատավորներից կազմված կոլեգիայի որոշման մեջ նշվում է, որ 1977 թվականի Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA), որին Թրամփը հղում էր արել մաքսատուրքերը հիմնավորելու համար, նախագահին չի տրամադրում գրեթե ողջ աշխարհի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իրավասություն։

Մանհեթենում գտնվող դատարանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը Կոնգրեսին է վերապահում օտարերկրյա առևտուրը կարգավորելու բացառիկ լիազորությունները, և դա չի կարող չեղարկվել նախագահի՝ տնտեսությունը պաշտպանելու լիազորություններով։

Որոշումը կայացնելուց րոպեներ անց Թրամփի վարչակազմը բողոքարկել է որոշումը։

«Չընտրված դատավորները իրավասու չեն որոշելու, թե ինչպես է ճիշտ արձագանքել երկրում արտակարգ իրավիճակներին»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քուշ Դեսաին։