Միջազգային

Գերմանիան կրկին դարձել է Ռուսաստանի թշնամին․ Մեդվեդև

Գերմանիան, ըստ էության, արդեն իսկ լիարժեք մասնակից է ուկրաինական հակամարտությանը, և եթե կան տեղեկություններ Ռուսաստանի տարածք հեռահար հրթիռների արձակմանը գերմանացի զինծառայողների մասնակցության մասին, Մոսկվան կարող է ցանկացած որոշում կայացնել պատասխան գործողությունների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Գերմանիան արդեն իսկ հակամարտության մասնակից է. նրա տեխնիկան և մասնագետներն անմիջականորեն կռվում են Ռուսաստանի դեմ։ Եվ սրանք միայն ռազմական մատակարարումներ չեն։ Ըստ էության, սա լիարժեք, այլ ոչ թե հիբրիդային մասնակցություն է ռազմական հակամարտությանը։

Այսպիսով՝ Գերմանիան կրկին Ռուսաստանի թշնամին է, կրկին մասնակցում է պատերազմին, առաջնորդվում է իրենց ստեղծած նացիստական ​​գաղափարախոսությամբ, իսկ Մերցը՝ Վերմախտում կռված իր հարազատների հավատարիմ ժառանգը»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռային հարվածները կնշանակե՞ն Գերմանիայի անմիջական ներգրավում ուկրաինական հակամարտությանը։

Նա նաև պատասխանել է հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրավունք կունենա՞ հարվածել Գերմանիայի տարածքին՝ ի պատասխան գերմանացի մասնագետների կողմից գերմանական հրթիռների արձակման։

«Եթե կան տեղեկություններ, որ գերմանացի ռազմական մասնագետները մասնակցում են Ռուսաստանի տարածք հեռահար հրթիռների արձակմանը, կարող է կայացվել պատասխան գործողությունների վերաբերյալ ցանկացած որոշում։ Դա Գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության շրջանակներում է։ Ոչ ոք չի կարող արգելափակել մեր երկրի լիարժեք պաշտպանության իրավունքը, և դա բազմիցս ընդգծել է մեր պետության ղեկավարը»,- ասել է Մեդվեդևը։