ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ավարտվում է ԱՄՆ վարչակազմում իր պաշտոնավարման ժամկետը։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին։
«Քանի որ իմ՝ որպես հատուկ պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ինձ ընձեռված հնարավորության համար՝ կրճատելու վատնող ծախսերը»,- գրել է Մասկը՝ X սոցիալական ցանցում։
«DOGE-ի առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կամրապնդվի, քանի որ այն կդառնա ապրելակերպ բոլոր պետական մարմիններում»,- հավելել է նա։
Նախօրեին Մասկը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է Թրամփի՝ հարկերի և բյուջեի վերաբերյալ «մեծ ու գեղեցիկ» օրենքից։ Նրա կարծիքով՝ այդ օրենքը խաթարում է ծախսերի կրճատման ջանքերը և կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի աճի։
Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո Մասկը նշանակվել էր «հատուկ պետական ծառայող», ինչը նրան թույլ էր տալիս տարեկան 130 օր աշխատել պետության համար։
Եթե հաշվարկենք հունվարի 20-ի երդմնակալությունից սկսած, այդ ժամկետն ավարտվում է մայիսի վերջին։