Միջազգային

Պուտինն արևմտյան առաջնորդներից գրավոր հանձնառություն է պահանջում. Reuters

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանները ներառում են արևմտյան առաջնորդների գրավոր հանձնառություն՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ. գրում է Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ավելի քան երկու ժամ տևած զրույցից հետո Պուտինն ասել է՝ համաձայնել է Ուկրաինայի հետ աշխատել հաշտության մասին հուշագրի վրա՝ սահմանելու խաղաղության համաձայնագրի ուրվագծերը, ներառյալ հաշտության ժամկետները։ Ռուսաստանը հայտարարում է, որ ներկայումս մշակում է հուշագրի իր տարբերակը և չի կարող գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերջ դնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամահաբեր հակամարտությանը։ Վերջին օրերին նա դժգոհություն է արտահայտել Պուտինի հանդեպ՝ զգուշացնելով, որ ռուս առաջնորդը «խաղում է կրակի հետ»՝ հրաժարվելով Կիևի հետ բանակցել հաշտության մասին։