Միջազգային

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի․ Գերմանիայի կանցլեր

«Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար», – ասել է Ֆրիդրիխ Մերցը Զելենսկու հետ հանդիպումից հետո։

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։

«Մենք քննարկեցինք հրադադարի հասնելու ջանքերը։ Ոչ ոք այնքան չի ձգտում խաղաղության, որքան Ուկրաինան։ Կիևը արդեն մի քանի շաբաթ է՝ պատրաստ է հրադադարի։ Հաջորդ քայլը՝ բանակցություններ Ռուսաստանի հետ։ Մենք հույս ենք դնում ԱՄՆ-ի աջակցության վրա։ Մոսկվան ցանկանում է ժամանակ շահել։ Պուտինի կողմից դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարված հուշագրին դեռ սպասում ենք», – նշել է Մերցը։

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հաջորդ տեխնիկական բանակցություններին Ռուսաստանի հետ՝ անկախ դրանց անցկացման վայրից, և որ եվրոպացիներն այդ գործընթացը պատրաստ են աջակցել։

Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի, ասել է Մերցը։

«Պատերազմը փոխել է Ուկրաինայի և Գերմանիայի հարաբերությունները ոչ միայն հասարակական, այլև կառավարական մակարդակով։ Տարվա վերջին, առաջին անգամ երկար տարիների ընթացքում, տեղի կունենան միջկառավարական խորհրդակցություններ։Գերմանիայի դաշնային կառավարության գրեթե բոլոր նախարարներն այսօր սերտորեն համագործակցում են իրենց ուկրաինացի գործընկերների հետ։ Եվ այս համագործակցությունը մենք կշարունակենք ընդլայնել», – եզրափակել է Մերցը։