CNN-ը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, գրում է, որ անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը խոստացել էր մոտ օրերս ուղարկել «խաղաղության մեմորանդում», որտեղ կներկայացվեին Ուկրաինայի հետ հաշտություն հաստատելու Ռուսաստանի պահանջները։
Սակայն, մեկ շաբաթից ավելի անց ԱՄՆ-ն դեռ չի ստացել այդ փաստաթուղթը, հայտնում են աղբյուրները։ Թրամփն այժմ քննարկում է առաջիկա օրերին Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ դժգոհություն հայտնելով հակամարտության ընթացքից, նշում են իրավիճակին ծանոթ անձինք։
Պուտինի հետ զրույցում Թրամփն ասել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է ուղիղ բանակցեն, իսկ ԱՄՆ-ն և Եվրոպան անհրաժեշտության դեպքում կաջակցեն։
Վերջին շաբաթներին մշակվել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր տարբերակներ, սակայն Թրամփը դեռ չի հաստատել դրանք։ Կիրակի օրը նա հայտարարել է, որ «անպայման» կդիտարկի պատժամիջոցները՝ հաշվի առնելով հրթիռային և անօդաչու սարքերի ռմբակոծությունները, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։ Իրավիճակին ծանոթ անձինք նշում են, որ Թրամփը կարող է հրաժարվել նոր պատժամիջոցներից, ինչպես արել է նախկինում՝ հետ կանգնելով Ռուսաստանի դեմ սպառնալիքներից։ Նա մտահոգություն է հայտնել, որ պատժամիջոցները կարող են խոչընդոտել խաղաղ բանակցություններին։