Միջազգային

ՌԴ-ն պատրաստվում է վերագործարկել Զապորոժիեի ԱԷԿ-ը և միացնել ցանցերին

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկման և ռուսական էլեկտրացանցերին միացման հնարավոր նախապատրաստական աշխատանքները։

Ռուսաստանն ակտիվորեն էլեկտրահաղորդման գծեր է կառուցում Ուկրաինայի օկուպացված տարածքում, ինչի մասին վկայում են Greenpeace-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները: Կազմակերպությունում կարծում են, որ Մոսկվան պատրաստվում է վերագործարկել Զապորոժիեի ԱԷԿ-ը և միացնել այն ռուսական ցանցերին․ գրում է The New York Times-ը:

Փետրվարի սկզբից Ռուսաստանը ավելի քան 80 կմ էլեկտրահաղորդման գծեր է կառուցել Մարիուպոլի և Բերդյանսկի միջև՝ Ազովի ծովի ափի երկայնքով։ Ելնելով շինարարության գտնվելու վայրից և ուղղությունից՝ Greenpeace- ում կարծում են, որ Ռուսաստանի նպատակն է նոր գծերը միացնել Մարիուպոլի մոտակայքում գտնվող խոշոր ենթակայանին, որը էլեկտրահաղորդման գծով միացված է դրանից 220 կմ հեռավորության վրա գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ին:

Մոսկվայի հնարավոր նպատակներից մեկը ԶԱԷԿ-ը Ռոստովի մարզի էլեկտրացանցին միացնելն է։

Սա ներկայումս գոյություն ունեցող ապացույցներից ամենաակնհայտն է, որ Ռուսաստանը պատրաստվում է սկսել ԶԱԷԿ-ի շահագործումը, նշում է NYT-ը։