Միջազգային

Կոբախիձեն այս անգամ էլ Deep State-ի մաս է համարել Մակրոնին, Տուսկին և Մերցին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մատնանշել է «խորքային պետության» (Deep State) ազդեցությունը եվրոպական առաջնորդների վրա: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ հայտարարությունը: 

Նշենք, որ Վրաստանի անկախության օրը ԵՄ առաջնորդները դատապարտել էին վրացական իշխանություններին: 

Կոբախիձեի խոսքով՝ նրանք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, նրանց վրա ազդում է Deep State-ը:

Նա կարծում է, որ Deep State-ը շարունակում է ազդեցություն ունենալ նաև Վաշինգտոնի վրա։ Կոբախիձեի վարկածով՝ ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը ցանկացել է ներկա գտնվել Անկախության տոնի միջոցառմանը, սակայն չի կարողացել ճնշման պատճառով: Նա կրկին հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կհաղթի Deep State-ին:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ եվրոպական երեք առաջնորդների հայտարարությունը «խայտառակ հարձակում է վրաց ժողովրդի և վրացական պետության վրա»: