Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել է հանրապետության պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլը և ցանկացած աջակցություն ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Մայիսի 26-ին նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Ֆիդանին ընդունել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բանակցությունների մյուս կարևոր թեման, ինչպես նշում է Hürriyet-ը, Սիրիայում տիրող իրավիճակն է։
«Անկարան ցանկանում է, որ Ռուսաստանը շարունակի աջակցել Սիրիայի քաղաքական և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հրապարակման մեջ։