ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանին։
Հաքան Ֆիդանը ՌԴ այցն անվանել է արդյունավետ։ Ըստ նախարարի՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ նա ՌԴ առաջնորդին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «ամենաանկեղծ ողջույնները, բարեմաղթանքները և կարևոր ուղերձները»։
Ֆիդանը նշել է, որ «ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են չափազանց կառուցողական ուղղությամբ՝ երկու երկրների առաջնորդների կողմից սահմանված ճանապարհով հասնելով դրված նպատակներին»։
Լավրովն էլ նշել է, թե իրենք երկկողմ օրակարգում բազմաթիվ ծրագրեր ունեն. «Քննարկվող խնդիրները միտված են հաղթահարել այն խոչընդոտները, որոնք թշնամական պետությունները փորձում են ստեղծել մեր համագործակցության համար։ Այդ ծրագրերին վիճակված չէ իրականանալ։ Մեր առևտրային և ներդրումային համագործակցությունը կայուն զարգանում է։ Այդ միտումը կշարունակվի»,- ասել է նա։
Ըստ Լավրովի՝ միջազգային օրակարգը միշտ հագեցած է․ «Ռուսաստանը և Թուրքիան ակտիվորեն ներգրավված են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման միջազգային ջանքերում»։